Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ հասարակության շրջանում տիրող տրամադրություններին և մասնավորապես ասել.
«Առաջին հերթին, պետք է խոստովանել, որ պատերազմը շատ լուրջ և խոր հետք է թողել հայերի գիտակցության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: Այս առումով նոյեմբերի 9-ը սառը ցնցուղ էր, սակայն կարևոր պահ էր՝ հասկանալու համար, թե որտեղ ենք մենք գտնվում: Մյուս կողմից՝ պետք է նշել, որ ոչ խաղաղության, ոչ պատերազմի իրավիճակը, որում ապրել ենք նաև նախքան պատերազմական գործողությունները, ցավոք մնացել է նաև պատերազմից հետո: Երրորդ, իհարկե, սա քաղաքական ճգնաժամ է, որը ամբողջ տարվա ընթացքում եղել է ողջ հայ հասարակության շրջանում, այդ թվում իշխանափոխության փորձով՝ ի դեպ տարբեր դրսևորումներով»:
Նրա խոսքով՝ հասարակության մեջ երեք խումբ է ձևավորվել: Առաջինն ամբողջովին հիասթափվել է ամեն ինչից և որևէ ապագա չի տեսնում: Երկրորդ խումբն ասում է. «Ես տանն եմ, ես թաքնվել եմ այս ողջ իրականությունից, ոչինչ չեմ ուզում լսել»: Եվ ոչ մեծ խումբն ասում է. «Ոչ, մենք ուզում ենք փոփոխություններ: Եկեք վերլուծենք, թե ինչն է սխալ եղել, եզրակացություններ անենք, որպեսզի թույլ չտանք, որ դա կրկնվի»:
Վարդանյանը նշել է, որ իրենց և միջազգային մասնագետների հետ համատեղ կատարվող սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ չնայած իրավիճակի ողջ ծանրությանը՝ մարդկանց մոտ 70 տոկոսն ավելի շուտ բավարարված է իր կյանքով, քան հակառակը, ինչը վտանգավոր ազդակ է առ այն, որ «հասարակությունը գոյատևում է, որ մարդիկ ապրում են ամեն օր միայն գոյատևելու համար»:
Անդրադառնալով փակուղուց ելք փնտրելու հարցին՝ գործարարը նկատել է, որ այս հարցով չկան խոսակցություններ. «Հասկացության բացակայությունը, որ պետությունն իմ ընկերն է, իմ գործընկերն է, այն ինստիտուտն է, որի հետ կարող եմ համագործակցել, մեծ վտանգ է և ոչ միայն Հայաստանում», և հավելել է, որ գիտակցում են՝ Հայաստանի խնդիրներից մեկը կրթությունն է, ուստի իրենք առաջնորդության և անձի զարգացման կենտրոն են ստեղծում:
Նա հաստատել է, որ ինքը պատրաստվում է մտնել Հայաստանում քաղաքականության մեջ: «Սակայն դա այլ է, քան պարզապես քաղաքական կուսակցությունը, երկիրը ղեկավարելու ցանկությունը: Չտրամաբանող մարդ պետք է լինես երկիրն այսօրվա դրությամբ ղեկավարել ցանկանալու համար, քանի որ այն գտնվում է շատ ծանր վիճակում: Իրական ապագան բոլորովին անհասկանալի է: Հասարակությունն ամբողջովին պառակտված է: Եվ այդ իմաստով ղեկավար դառնալու պատասխանատվություն ստանձնելու համար պետք է շատ խիզախ և ռիսկային մարդ լինել… Եթե էլիտան համաձայնության գա և համակարծիք լինի, որ դա ճիշտ որոշում է, որ ես կամ մեկ ուրիշը լինի, ցանկացած որոշում հնարավոր է, քանի որ ես պատրաստ եմ իմ ազգի համար լինել և՛ կոշկակար, և՛ հավաքարար, և՛ ղեկավար»,- ընդգծել է գործարարը:
Իսկ թե որն է հստակ գործողությունների ծրագիրը, Ռուբեն Վարդանյանը նկատել է. «Մենք պետք է ճիշտ ախտորոշում տանք, թե ինչ է տեղի ունեցել: Մենք դա արել ենք և լուրջ աշխատանքներ ենք արել: Մենք հասկանում ենք մեր ախտերը: Երկրորդ, մենք անպայման պետք է միավորենք մարդկանց ջանքերը, որոնք անտարբեր չեն, որոնք պատրաստ են փոփոխությունների: Երրորդ, արդեն միասին պետք է մշակել այն ծրագիրը, որը կբերի փոփոխությունների և ճգնաժամից դուրս գալու իրական հնարավորություն կտա»:
«Ցանկանում եմ, որ մարդիկ, որոնք անտարբեր չեն, որոնք պատրաստ են զոհաբերել իրենց բարեկեցությունը, իրենց սովորական առօրյան, ասեն. «Պատրաստ եմ տեղափոխվել Հայաստան: Պատրաստ եմ գնալ բանակ և պաշտպանել Հայաստանը: Պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում լինի խաղաղություն, և միևնույն ժամանակ լինի ուժեղ անվտանգություն»: Միայն միավորվելով մենք պետք է մշակենք օրակարգը, դա նույնպես շատ կարևոր հարց է»,- հավելել է գործարարը:
«Մենք պետք է հասարակական շարժում ունենանք: Այն, ինչ այնում ենք Future Armenian նախագծում. այն 108.000 մարդու է միավորում 107 երկրից, հիմնականում՝ Հայաստանից… Արդեն ստեղծել ենք ռազմավարական զարգացման կենտրոն, որը զարգացնում է որոշակի փոփոխությունների ծրագիրը: Առաջիկայում կստեղծվի կենտրոն՝ կապված պետության կառավարման, ինչպես նաև ապագա ինստիտուտների կառավարման փոփոխությունների հետ»,- հավելել է նա: