Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող Բուլղարիայի թշնամին լինել։ Ելույթ ունենալով պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդների հետ բանավեճում՝ նա նաև Ղրիմը ռուսական է անվանել, գրում է Web Cafe պարբերականը։
«Ռուսաստանը չի կարող մեզ համար զարգացման մոդել լինել, բայց Ռուսաստանը չի կարող լինել մեր թշնամին, թեկուզ այն պատճառով, որ մեր քաղաքացիների հիշողության մեջ նա մեր ժողովրդի ազատագրողն է։ Ռուսաստանի հետ կապված շատ շահարկումներ կան, կարող եմ ասել, որ այս բարդ իրավիճակում անհրաժեշտ է երկխոսություն, որը Ռուսաստան-ԵՄ հարաբերություններում խախտվել է և գտնվում է կրիտիկական վիճակում»,- ասել է Ռադևը։
Պատասխանելով Ղրիմի թեմայով ճշգրտող հարցին՝ Բուլղարիայի ղեկավարը պատասխանել է. «Ղրիմն այս պահին ռուսական է»։ Նրա խոսքով, Բուլղարիայի արտաքին քաղաքականության մեջ պրագմատիզմն անհրաժեշտ է։
«Ղրիմի և Ուկրաինայի հարցում պատժամիջոցներն արդեն մի քանի տարի է ինչ արդյունք չեն տալիս, որի պատճառով էլ ԵՄ Խորհուրդը պրագմատիկ մոտեցումներ է փնտրում։ Ռուսաստանը կարևոր գործոն է ահաբեկչության դեմ պայքարում, և դա նույնպես չպետք է մոռանալ»,- ասել է Ռադևը։