ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով:
«Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ 3 առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից, և երեքն էլ մեզ համար, ըստ էության, ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: Երեկ իմ հայտարարություններից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Եվ ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկները մեզ համար ընդունելի են»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշտել մանրամասները, որպեսզի փորձեն իրագործել առաջարկները: