Լուկաշենկոն հուսով է, որ պատժամիջոցների մի մասը կվերացնեն. Լիտվայի պաշտպանության նախարար
copy image url

Լուկաշենկոն հուսով է, որ պատժամիջոցների մի մասը կվերացնեն. Լիտվայի պաշտպանության նախարար

Արտաքին 3 տարի առաջ - 16:20 13-11-2021

Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը ենթադրում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի, թե պատժամիջոցները մասամբ կչեղարկվեն՝ սահմանին ներգաղթյալների զգալի քանակության պատճառով հումանիտար ճգնաժամ առաջանալու դեպքում։ Այս մասին նա հայտնել է «Դեմքով դեպի իրադարձություն» հաղորդման եթերում։

«Հավանաբար ցանկություն կա այս խնդիրը վերածելու իսկական հումանիտար ճգնաժամի։ Միջազգային հանրությունը, իհարկե, կարձագանքի։ Հավանաբար, Լուկաշենկոն հուսով է, որ երբ լինի իսկական հումանիտար ճգնաժամ, պատժամիջոցների մի մասը կվերացնեն. թույլ կտան թռչել «Բելավիա»-ին, այդ փախստականներին ինչ-որ տեղ տանել»,- ասել է Արվիդաս Անուշաուսկասը:

Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ սահմանին գտնվող ներգաղթյալներին բելառուս զինվորականներն ու սահմանապահները թույլ չեն տալիս հետ դառնալ։

«Բելառուսի ղեկավարությունը կազմակերպել է մարդկանց տրաֆիկ. օրինական ճանապարհով, վիզաներով բերում են Մինսկ, իսկ հետո նրանց տեղափոխում սահման։ Այժմ այդ ճամբարները պահպանում են ոչ միայն սահմանապահները, այլև զինվորականները։ Նույնիսկ ներկա պայմաններում, երբ եղանակը միշտ չէ, որ լավ է, մարդկանց թույլ չեն տալիս վերադառնալ Մինսկ կամ իրենց հայրենի երկրներ։ Զինվորականները պահպանում են պարագիծը՝ մարդկանց դուրս չթողնելով: Եթե ​​ինչ-որ մեկը ինչ-որ կերպ դուրս սպրդի այդ պարագծից, զինվորականները կգտնեն և հետ կվերադարձնեն: Գործնականում դա ճամբար է առանց պատերի, առանց ինչ-որ փշալարերի, բայց, այնուամենայնիվ, դա ճամբար է»,- ասել է Անուշաուսկասը: