«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-ին Հայաստանի պատմության թանգարանի առջև բացվեց «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներում արվեստասերները կարող են տեսնել Լազենկի թագավորական թանգարանը, դրա ծաղկաջերմոցը, ամֆիթատրոնն ու կղզու վրայի պալատը, այլ ենթակառուցվածքներն ու յուրատիպ ցուցանմուշները:
«Թանգարանը բաղկացած է բազմաթիվ համալիրներից և հուշարձաններից: Այստեղ մեկտեղել ենք թանգարանի ամենաներկայանալի շենքերն ու ցուցանմուշները: Շատ տպավորիչ է Ֆրեդերիկ Շոպենի արձանը, որն այգում է՝ լճի վրա, գրավիչ է այն շենքը, որում բազմաթիվ հարսանիքներ են կազմակերպվում, ցուցադրված է նաև ամֆիթատրոնը, որը հիմնել է Ստանիսլավ Ավգուստը և պալատը, որը կառուցվել է ջրի վրա»,-պատմեց ծրագրի կազմակերպիչ Ագնեշկա Լաբենցը:
Նրա խոսքերով՝ լեհերը շատ են սիրում հայերին և հույս ունեն, որ հայերն էլ իրենց են սիրում: «Մեր նպատակն է Հայաստանում առավել ճանաչելի դարձնել մեր մշակույթը: Կարծում եմ՝ այս ծրագիրն իր ներդրումը կունենա այդ գործում և կամրապնդի հայ-լեհական մշակութային կապերը»,- ասաց նա և հավելեց, որ Լեհաստանում հայերը քիչ չեն: Նրանք էլ Հայաստանի օրեր են կազմակերպում Լեհաստանում:
Լազենկի թագավորական թանգարանը հաճախ բնութագրվել է որպես Վարշավայում ամենաերջանիկ վայր: Այն եղել է թագավոր Ստանիսլավ Ավգուստի ամառային արքայական նստավայրը: Թանգարանը համալրված է կլասիցիզմի ոճով մշակութային կոթողներով ու պատմական այգիներով:
Հայաստանում «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին: Այն անցկացվելու է մինչև հոկտեմբերի 31-ը: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որին կհաջորդի հարց ու պատասխան, հոկտեմբերի 25-ին կրկին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ժեյա» ֆիլմը, իսկ «Օրեր և գիշերներ» կինոնկարի ցուցադրությունը կկայանա նույն կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին:
Հոկտեմբերի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրով ցուցահանդեսը։
«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա-համերգը կկայանա հոկտեմբերի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. հանդես կգան լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչը և Ռոշկո եղբայրները։ Կհնչեն Կարոլ Լիպինսկու և Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Նախագիծն իրականացնում են “Our Beat for Culture Foundation” (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։