ԱՄՆ 37 նահանգներում մեքսիկական սոխի պատճառով սալմոնելոզի բռնկում է տեղի ունեցել, ավելի քան 650 մարդ է հիվանդացել: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) կայքում:
Նշվում է, որ հիվանդությունը բնակիչներին է փոխանցվել Մեքսիկայի Չիուաուա նահանգից ԱՄՆ ներկրված կարմիր, սպիտակ և դեղին սոխի միջոցով: Մթերքի բաշխումն իրականացրել է ProSource Inc. ընկերությունը. սոխը մատակարարվել է ռեստորաններին և մթերային խանութներին ԱՄՆ-ի բոլոր նահանգներում: Վերջին անգամ այն ներկրվել է օգոստոսի 27-ին, սակայն արտադրանքը դեռ պահվում է ամերիկացիների տներում և ձեռնարկություններում, նշել է CDC-ն:
Իշխանություններն ԱՄՆ բնակիչներին զգուշացրել են չվաճառել, չգնել և չօգտագործել Չիուաուայից ներմուծված և ProSource Inc.-ի կողմից մատակարարված սոխը: Նույնը վերաբերում է նաև առանց պիտակների և փաթեթավորման սոխին: