Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը, գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Երկու զինծառայողների վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր։ Առավոտյան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և Հանրապետական բժշկական կենտրոնում այցելել եմ տղաներին և ծանոթացել նրանց իրավիճակին․ կատարված վիրահատություններից հետո նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմից թիրախավորվել է նաև ԱՀ Պաշտպանության բանակի սանիտարական մեքենան, որի հետևանքով տուժողներ չկան: Այս միջադեպի կապակցությամբ հարկ է հատուկ նշել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հերթական անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, այլև հստակ թիրախավորել է հումանիտար գործառույթ իրականացնող օբյեկտ, որը միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո է։
Գրանցված միջադեպերը հերթական անգամ ապացուցում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և լկտի պահվածքը և նրանց նպատակադրությունը ուժի կիրառմամբ և առհասարակ բոլոր մեթոդներով խաթարելու բնականոն կյանքը Արցախում, հայաթափելու և էթնիկ զտման ենթարկելու Արցախի հայությանը։