Պոլտավայում 20-ամյա Վերոնիկա Մոտորինան, ընկերոջ հետ վիճաբանությունից հետո, գնացել է հրաձգարան, որտեղ կրակել է հրահանգչին: Օրերս տեղի է ունեցել դատավարություն, որով մեղադրյալը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Պոլտավշչինա» տեղական պարբերականը:
Հայտնի է, որ աղջիկը ծնունդով Դնեպրից է: Այնտեղ նա մեծացել է տատիկի, քույրերի և եղբոր հետ: Վերոնիկան ինչ-որ պահի ինտերնետով ծանոթացել է Պոլտավայից մի երիտասարդի հետ, նրանց միջև զարգացել են հարաբերություններ, և աղջիկը տեղափոխվել է ապրելու իր սիրեցյալի մոտ: Երիտասարդների հարաբերությունները արագ են փչացել: Մոտորինայի ընկերը բազմիցս ձեռք է բարձրացրել նրա վրա և վռնդել նրան տնից: Միևնույն ժամանակ, աղջիկն անընդհատ խանդում էր և պահանջներ ներկայացնում ընկերոջը: Այդ կոնֆլիկտներից մեկն ավարտվել է նրանով, որ երիտասարդը հայտարարել է բաժանման մասին և վերջնականապես դուրս հանել Վերոնիկային իր բնակարանից:
Մոտորինան որոշել է գնալ հրաձգարան: Նրա վարկածով, ինչ-որ պահի նա ինքնասպանության մտքեր է ունեցել: 64-ամյա հրահանգիչը ուշադրություն է դարձրել նրա տարօրինակ վիճակին և մոտեցել նրան, որից հետո, աղջկա խոսքով, ինքը պատահաբար կրակել է նրա վրա:
Մոտորինան դատարանում հայտարարել է, որ գործնականում չի հիշում, թե ինչ է կատարվել այդ պահին: «Երբ ես փորձեցի շրջվել, կրակոցներ հնչեցին: Ես վատ եմ հիշում այդ պահը»,- ասել է նա:
Սակայն աղջկա վարկածն ամենևին չի համընկնում ականատեսների ասածների հետ: Պարզվել է, որ Վերոնիկան հինգ անգամ կրակել է հրահանգչի վրա և գործնականում՝ դիմահար: Պատահականություն կարելի է անվանել առաջին կրակոցը, բայց ոչ հաջորդ չորսը: Դրանից հետո նա փորձել է կրակել երկրորդ հրահանգչի վրա, սակայն նա աղջկանից վերցրել է ատրճանակը:
Մեղադրող կողմը Մոտորինայի համար պահանջել է 12 տարվա ազատազրկում, սակայն դատարանը որոշել է ավելի խիստ պատիժ սահմանել: Դատավճիռը աղջկան հասցրել է հուսահատության. նախնական կալանքի կենտրոն տանող ճանապարհին նա փորձել է ինքնասպան լինել: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում: