Ռիշելյեի դիվանագիտական գործունեությունը
copy image url

Ռիշելյեի դիվանագիտական գործունեությունը

Խոսք 3 տարի առաջ - 15:52 30-09-2021

Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրոս Գարիկ Հարությունյանի հետ։

Մեկ դար ձգած անդադար պատերազմներն ուղեկցվում էին բողոքականության տարածմամբ ու կաթոլիկ եկեղեցու գերիշխանության հանդեպ քննադատության աճով. Հաբսբուրգների կայսրությունն ու պապականությունը, բնականաբար, ձգտում էին վերացնել իրենց իշխանությանը նետված մարտահրավերը, իսկ բողոքականները դիմադրում էին՝ ի պաշտպանություն իրենց նոր կրոնի:

Անդրադառնալով այն ժամանակաշրջանին, որը սերունդներն անվանեցին «Երեսնամյա պատերազմ» (1618-1648թթ.), դարձավ այս վայրիվերումների գագաթնակետը: Հաշվի առնելով, որ առաջիկայում կայսեր տիտղոսի ժառանգման խնդիր կա, ու ամենահավանական թեկնածուն Բոհեմիայի կաթոլիկ թագավոր Ֆերդինանդ Հաբսբուրգն է՝ Բոհեմիայի բողոքական ազնվականությունը «վարչակարգի փոփոխության» փորձ արեց և երկրի թագն ու դրա հետ մեկտեղ նաև կայսեր ընտրության որոշիչ ձայնն առաջարկեց գերմանացի բողոքական իշխանի, ինչի արդյունքում Սրբազան հռոմեական կայսրությունը կկորցներ իր կաթոլիկ բնույթը: Կայսերական զորքերը բոհեմյան ապստամբությունը ճնշելու փորձ արեցին, այնուհետև սկսեցին հետապնդել բոլոր բողոքականներին, ինչի արդյունքում էլ սկսվեց Կենտրոնական Եվրոպան ամայացրած պատերազմը (բողոքական իշխանները հիմնականում կառավարում էին Գերմանիայի հյուսիսում՝ ներառյալ այդ ժամանակ դեռ աննշան Պրուսիան, իսկ կաթոլիկ հողերը գտնվում էին Գերմանիայի հարավում ու Ավստրիայում):

Տեսականորեն կայսրին աջակցող կաթոլիկ մյուս միապետերը պետք է միավորվեին ընդդեմ նոր հերետիկոսության: Մինչդեռ հոգևոր միասնության ու ռազմավարական առավելության միջև ընտրությանը բախվելով՝ շատերն ընտրեցին երկրորդը: Նրանցից գլխավորը Ֆրանսիան էր:

Համընդհանուր ցնցումների շրջանում ներքին իշխանությունը հաստատուն պահած երկիրը կարող է հարևան պետություններում եղած քաոսն օգտագործել միջազգային ասպարեզում լուրջ նպատակներ հետապնդելու համար: Ֆրանսիացի խորամանկ ու անողոք նախարարները հնարավորություն տեսան ու վճռական գործողությունների անցան: Ֆրանսիայի թագավորությունն այս գործընթացը սկսեց՝ առաջին հերթին փոխելով իր կառավարման համակարգը: Ավատատիրական համակարգում իշխանությունը բացառապես անձնային էր, իսկ կառավարումն արտացոլում էր միապետի կամքը, բայց միաժամանակ նաև կաշկանդված էր ավանդույթով, ինչի արդյունքում սահմանափակված էր երկրի ազգային ու միջազգային նախաձեռնությունների համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիությունը: Ֆրանսիայում 1621-1642թթ. կառավարած թագավորական առաջին նախարար Արման Ժան դյու Պլեսսին՝ կարդինալ Ռիշելյեն, առաջին պետական գործիչն էր, որ հաղթահարեց այդ սահմանափակումը:

Արքունական խարդավանքների մեջ թրծված Ռիշելյեն լավագույնս պատրաստ էր կրոնական հեղափոխության ու պետական հին կառուցակարգերի փլուզման դարաշրջանին: Լինելով մանր ազնվականի երեք որդիներից ամենակրտսերը՝ նա զինվորական կարիերա էր սկսել, սակայն հետագայում՝ ընտանեկան իրավասության տակ գտնվող Լյուսոնի եպիսկոպոսությունից եղբոր անսպասելի հրաժարականից հետո, անցավ աստվածաբանության: Ժողովրդական բանահյուսությունը պնդում է, որ Ռիշելյեն իր հոգևոր ուսումնառությունը չափազանց արագ է ավարտել, ու այդժամ եկեղեցական պաշտոնի համար անհրաժեշտ նվազագույն տարիքից էլ փոքր է եղել: Այդ խոչընդոտը նա հաղթահարել է՝ Հռոմ մեկնելով ու սեփական տարիքի մասին Պապին անձամբ խաբելով: Ստանալով հավատարմագիրը՝ նա համարձակորեն ներխուժել է ֆրանսիական արքունիքի ֆրակցիոն քաղաքականություն՝ դառնալով նախ թագավորի մոր՝ Մարիա Մեդիչիի վստահելին, իսկ հետո՝ Մարիայի քաղաքական գլխավոր հակառակորդի՝ իր անչափահաս որդու՝ Լյուդովիկոս XIII թագավորի մերձավոր խորհրդականը: Երկուսն էլ խոր անվստահություն էին տածում Ռիշելյեի նկատմամբ, սակայն ֆրանսիական բողոքական-հուգենոտների հետ բախման պայմաններում չէին կարող հրաժարվել նրա քաղաքական ու վարչական հանճարից: Արքունիքի երկու խմբավորումների միջև երիտասարդ հոգևորականի հաջող խուսավարումը հնարավորություն տվեց նրան Հռոմից կարդինալի գլխարկ ստանալ, ինչից հետո դարձավ թագավորական գաղտնի խորհրդի ամենաբարձրաստիճան անդամը: Այդ դիրքը շուրջ երկու տասնամյակ պահելուց հետո «կարմիր գերազանցությունը» (այդ անունը նա ստացել էր կարդինալի կարմիր արտահագուստի պատճառով) հսկայական իշխանություն կուտակեց ձեռքում: Նա դարձավ Ֆրանսիայի առաջին նախարարը՝ իրական կառավարիչը՝ թեև առանց գահի, նոր սերնդի քաղաքական գործչի նախատիպը, կենտրոնացված պետական կառավարման ու ուժերի հավասարակշռման վրա հիմնված արտաքին քաղաքականության հանճարեղ մարմնավորումը:

Երբ Ռիշելյեն իր երկրի քաղաքականությունն էր վարում, նույն ժամանակ Եվրոպայում պետական կառավարման մասին Մաքիավելիի տրակտատներն էին տարածվում: Հայտնի չէ՝ արդյո՞ք Ռիշելյեն ծանոթ էր ուժի վրա հիմնված քաղաքականության մասին այդ տեքստերին: Բայց դրանց հիմնական սկզբունքները նա վստահաբար կիրառել է: Ռիշելյեն միջազգային կարգերի արմատական մոտեցում մշակեց: Նա առաջ քաշեց գաղափար, ըստ որի պետությունը վերացական ու մշտական սուբյեկտ է, որ գոյություն ունի ինքնին: Այդ սուբյեկտի կարիքները պայմանավորված չեն ո՛չ իշխողի անձով, ո՛չ ընտանեկան շահերով ու ո՛չ էլ կրոնի համընդհանուր պահանջներով: Պետության ուղին կախված է հաշվելի սկզբունքներից բխող ազգային շահերից: Հետագայում այս միտքը հայտնի դարձավ որպես raison d'etat-ի («պետական շահեր») տեսություն: Ուստի հենց պետությունն էլ պետք է դառնա միջազգային հարաբերությունների հիմնարար միավորը:

Նոր ծնունդ առնող պետությունը Ռիշելյեն օգտագործում էր որպես մեծ քաղաքականության գործիք: Նա կենտրոնացրեց իշխանությունը Փարիզում, թագավորության բոլոր մարզերում ու գավառներում պետական իշխանության ներկայությունն ապահովելու համար հիմնեց ինտենդանտների՝ պրոֆեսիոնալ պետծառայողների պաշտոններ, ապահովեց հարկերի հավաքման արդյունավետությունն ու վճռական մարտահրավեր նետեց տեղի ավանդական հին ազնվականությանը: Միապետը նախկինի պես իրացնում էր թագավորական իշխանությունը՝ որպես ինքնիշխան պետության խորհրդանիշ ու ազգային շահերի արտացոլանք:

Կենտրոնական Եվրոպայում իրարանցումը Ռիշելյեն համարում էր ոչ թե հանուն եկեղեցու պատերազմի մեջ մտնելու առիթ, այլ Հաբսբուրգների կայսերական հավակնությունները զսպելու միջոց: Թեև Ֆրանսիայի թագավորները 14-րդ դարից սկսած կոչվում էին Rex Catholicissimus կամ «համակաթոլիկյան արքա», այդուհանդերձ, Ֆրանսիան, հետամուտ լինելով լավ հաշվարկված սեփական ազգային շահերին, նախ աննկատ, ապա բացեիբաց սատարում էր բողոքական կոալիցիային (Շվեդիա, Պրուսիա ու հյուսիսգերմանական իշխանություններ):

Ի պատասխան վրդովմունքին, թե որպես կարդինալ՝ նա պարտավոր է կատարել պարտքն առ համընդհանուր ու հավերժական կաթոլիկ եկեղեցի (այսինքն՝ փորձ էր արվում Ֆրանսիային ստիպել հանդես գալ ընդդեմ Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայի բողոքական իշխանների), Ռիշելյեն իր՝ աշխարհիկ, անցողիկ և տակավին թույլ քաղաքական միավորի գլխին կանգնած նախարարի պարտավորություններն էր թվարկում: Նա համարում էր, որ հոգու փրկությունն իր անձնական խնդիրն է, մինչդեռ պետական գործիչը պատասխանատվություն է կրում քաղաքական մի կառույցի համար, որը չունի մշտական հոգի, բայց որին փրկել է պետք: «Մարդն անմահ է, նրա փրկությունն ապագայում է: Իսկ պետությունն անմահություն չունի, այն փրկվում է կամ հիմա, կամ երբեք»,- ասում էր Ռիշելյեն:

Կենտրոնական Եվրոպայի մասնատումը Ռիշելյեն համարում էր քաղաքական ու ռազմական անհրաժեշտություն: Ֆրանսիային ուղղված սպառնալիքը ռազմավարական էր, ոչ թե մետաֆիզիկական կամ կրոնական. չէ՞ որ միավորված Կենտրոնական Եվրոպան կարող էր գերիշխանություն հաստատել աշխարհամասի մնացած հատվածների վրա: Ուստի Ֆրանսիայի շահերից էր բխում Կենտրոնական Եվրոպայի համախմբման կախումը. «Եթե (բողոքական) կուսակցությունը լիովին ջախջախվի, ավստրիական տան ողջ ուժը կթափվի Ֆրանսիայի գլխին»: Ուստի Կենտրոնական Եվրոպայի փոքր պետություններին աջակցելով՝ Ֆրանսիան թուլացնում էր Ավստրիային ու հետևաբար հասնում էր իր ռազմավարական նպատակին:

Ռիշելյեի բանաձևումը բազմաթիվ ցնցումներ հաղթահարեց: Երկուսուկես հարյուրամյակ՝ 1624թ. Ռիշելյեի կողմից առաջին նախարարի պաշտոնը զբաղեցնելուց մինչև 1871թ. Բիսմարկի կողմից գերմանական կայսրության հռչակումը, Կենտրոնական Եվրոպան (այդ տարածքները հիմնականում համընկնում են այսօրվա Գերմանիայի, Ավստրիայի ու Հյուսիսային Իտալիայի հետ) մասնատված պահելն առանցքային սկզբունք էր Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համար: Ու քանի դեռ այդ հայեցակարգն էր ընկած եվրոպական կարգերի հիմքում, աշխարհամասում Ֆրանսիան առաջատար դիրքեր ուներ: Երբ այն տապալվեց, դրա հետ ավարտվեց նաև Ֆրանսիայի գերիշխանությունը:

Ռիշելյեի պետական կարիերայից ի՞նչ հետևություն կարելի է անել.

1.Նախ՝ հաջող արտաքին քաղաքականության անքակտելի տարր է բոլոր գործոնների մանրազնին վերլուծության վրա հիմնված երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգը

2.Այդ տեսլականը պետական գործիչն առավելագույնս պետք է մոտեցնի իրականությանը՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա, բազմատարր, երբեմն հակասական մարտահրավերներից ձևավորելով մեկ ամբողջություն, մշակելով նպատակաուղղված քաղաքականություն: Նա պետք է հասկանա, թե ուր է տանում ընտրված ռազմավարությունը և ինչու

3.Պետք է գործել առավելագույն հնարավորի սահմանագծին՝ հաղթահարելով հասարակության պատմական փորձի ու նրա իղձերի միջև անդունդը: Սովորական դարձած քայլերի կրկնությունը բերելու է ճահճացման, ուստի քաղաքական գործիչը պետք է ցուցաբերի համարձակություն ու հանդգնություն:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի