Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը սեպտեմբերի 29–ին մեկնարկեց Հայաստանում Արգենտինայի առևտրային պալատին նվիրված միջոցառումը։
Առևտրային պալատը նպատակ ունի դառնալու գործարար նոր հարթակ, որը կառաջարկի առևտրային խթանման գործիքակազմ, կնպաստի բիզնեսի զարգացմանը և բարենպաստ միջավայր կստեղծի նոր ներդրումների և առևտրային հոսքերի համար:
Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան նշեց, որ պալատն ի սկզբանե հիմնված կլինի վիրտուալ հավելվածի վրա, որն իրական ժամանակում կկապի արգենտինական և հայկական ընկերություններին ու ձեռնարկատերերին: Կոմերցիոն այս նոր գործիքը կդրվի հայաստանյան իշխանությունների տրամադրության տակ՝ ի նշանավորում Հայաստանի անկախ հանրապետության 30-ամյակի։
Դեսպանի խոսքով՝ պալատի գործունեությունը ուղղված է լինելու ոչ միայն տնտեսության, այլև սպորտի, տուրիզմի, մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը։
Միջոցառմանը մասնակցել և Կոնվերս բանկի փորձն է ներկայացրել բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը։ Նշենք, որ Կոնվերս բանկը Հայաստանում Արգենտինական կապիտալով առաջին ընկերություններից է։
Արթուր Հակոբյանը Կոնվերս բանկի անունից պատրաստակամություն է հայտնել համապարփակ աջակցություն ցուցաբերել պալատի աշխատանքներին՝ առաջարկելով ֆինանսավորման լայն գործիքակազմ և հնարավորություններ։
«Մենք բավականին ակտիվ ենք առևտրի ֆինանսավորման ոլորտում, բիզնեսի վարկավորման ոլորտում, ունենք բազմաթիվ թվային գործիքներ՝ Ինտենետ բանքինգ, Մոբայլ բանքինգ և այլն»,-ասել է Արթուր Հակոբյանը։
Նա անդրադարձել է նաև մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտում հայ-արգենտինական համատեղ ծրագրերին Կոնվերս բանկի մասնակցությանը։
«Տարիներ շարունակ Կոնվերս բանկը եղել է Հայաստանի Արգենտինական դեսպանատան ծրագրերի աջակիցը՝ մասնակցելով այնպիսի ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են Բրյուսովի անվան համալսարանում Արգենտինական կենտրոնի բացումը, տանգոյի օրերը Հայաստանում և այլն»,-նշել է նա։
Միջոցառումը ավարտվել է երաժշտական կատարումներով։