Չինաստանում տղամարդը, որը 10 րոպեի ընթացքում մեկուկես լիտր կոլա էր խմել, մահացել է հաջորդ օրը, հաղորդում է Daily Mail պարբերականը:
22-ամյա երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է կոլայի մեկուկես լիտրանոց շիշը դատարկելուց վեց ժամ անց: Նա Պեկինի հիվանդանոց է դիմել՝ բողոքելով որովայնի ուժեղ ցավերից: Հետազոտության արդյունքում բժիշկները տղամարդու մոտ աղիքային պնևմատոզ և լյարդի իշեմիա են հայտնաբերել: Նա նաև արյան ցածր ճնշում է ունեցել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդի լյարդը լուրջ ախտահարված է: Բժշկական օգնություն ստանալուց 18 ժամ անց երիտասարդը մահացել է:
Բժիշկների կարծիքով, երիտասարդի առողջությանը կարող էր վնաս հասցնել այն, որ տղամարդը շատ արագ է խմել կոլան, և դա հանգեցրել է նրա օրգանիզմում մեծ քանակությամբ ածխաթթու գազի կուտակման: Իր հերթին, գազը կարող էր անցնել դարպասային երակ՝ մարդու լյարդի ամենակարևոր արյունատար անոթներից մեկը: