Profil և ORF լրատվամիջոցները տեղեկացնում են օֆշորային ընկերությունների միջոցով դրամական միջոցների կասկածելի հոսքերի մասին, որոնք կապված են փողերի լվացման և քաղաքական գործիչների կաշառակերության հետ:
Ըստ այդ լրատվամիջոցների՝ Ավստրիայի նախկին վարչապետ Ալֆրեդ Գուզենբաուերն 2014 թվականին օֆշորային ընկերության միջոցով Ադրբեջանից 120 հազար եվրո է ստացել:
Profil-ի փաստմամբ՝ Գուզենբաուերն ինքն է հաստատել է, որ իրեն պատկանող «Gusenbauer Projektentwicklungs und Beteiligungs GmbH» ընկերությունն այդ տարի իրականացրել է «վեցամսյա մարզչական և խորհրդատվական նախագիծ Ադրբեջանի Հանրապետության պատգամավորների համար», որը եղել է վճարովի՝ առանց երրորդ անձի միջնորդության:
Ըստ նույն լրատվականի` գումարը փոխանցվել է Էստոնիայում գտնվող Danske Bank բանկում գործող հաշվեհամարից, որը պատկանում է շոտլանդական հայտնի օֆշորային ընկերությոններից մեկին՝ Faberlex LP-ին:
Faberlex-ն իր հերթին, բացի Շոտլանդիայում գրանցվելուց, հասցե է ունեցել նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Danske Bank- ի էստոնական մասնաճյուղը հայտնվել է Եվրոպայում փողերի լվացման ամենամեծ սկանդալներից մեկի կենտրոնում:
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հայտնող ցանցը», որը կենտրոնացած է Արևելյան Եվրոպայի վրա, մեղադրել է Faberlex-ին այդ հանցագործության մեջ կարևոր օղակ լինելու և առանձնապես խոշոր չափի գումար անանուն կերպով դեպի Արևմուտք ուղարկելու մեջ:
Հիշեցնենք նաև, որ Ալֆրեդ Գուզենբաուերը 2010 թվականին Հայաստան է ժամանել և հանդես եկել ելույթով, որում նշել է, որ մշտապես հետաքրքրվել է Հայկական հարցով՝ հավելելով, որ ապագա ազգերի հարստություն հիմնվելու է նորարարության, գիտական ուսումնասիրությունների, կրթության զարգացման վրա և ողջամիտ, կայուն տեխնոլոգիաների վրա։