Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները ժամանակավոր տարհանումից հետո վերադարձել են դիվանագիտական ներկայացուցչության շենք:
«Ինչպես գիտեք, մեր դեսպանատունը երկու շաբաթ ժամանակավորապես աշխատում էր Քաբուլի օդանավակայանում: Նախորդ օրը այն վերադարձել է քաղաքի կենտրոնում գտնվող դեսպանատան շենք եւ այնտեղից կշարունակի իր գործունեությունը»,- Թուրքիայի նախագահի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը:
Էրդողանը հավելել է, որ Անկարան կշարունակի պահպանել իր դիվանագիտական ներկայությունը Աֆղանստանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան տարհանում է զինվորականներին Աֆղանստանից:
Օգոստոսի 15-ին «Թալիբանը» հայտարարել է Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Շարժման ներկայացուցիչները վերահսկողություն են հաստատել Քաբուլի պետական հեռուստատեսության վրա և քաղաքացիներին հանգստության կոչ արել:
Քաբուլում հազարավոր մարդիկ ապաստանել էին օդանավակայանում՝ փորձելով երկրից դուրս գալ: Մի քանի մարդ մահացել է։