Ֆլինդերսի համալսարանի և առողջապահության ու բժշկական հետազոտությունների Հարավ-ավստրալական ինստիտուտի ավստրալացի գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկները փոխում են մկների աղիքային միկրոբիոտան, ինչն ազդում է նրանց կյանքի տևողության վրա: Հոդվածը հրապարակվել է Cell Reports գիտական ամսագրում:
Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել հակաբիոտիկների ազդեցությունը ամբողջ կյանքի ընթացքում՝ մանկությունից մինչև ծերություն: Սա առաջին նման աշխատանքն է:
«Առաջին անգամ մենք հետևել ենք, թե ինչպես է մկների ամբողջ կյանքի ընթացքում ազդում վաղ տարիքում հակաբիոտիկների օգտագործումը ստամոքսի միկրոբիոմայի փոփոխության վրա»,- ասում է հետազոտական խմբի ղեկավար Դևիդ Լինը:
Պարզվել է, որ մկների ստամոքսում հակաբիոտիկների ընդունումից հետո ձևավորվել է մանրէների երկու խմբերից մեկը, որոնք հոդվածում կոչվում են PAM 1 և PAM 2:
«PAM 2 խմբի մկները մահացել են մոտ երկու անգամ ավելի հաճախ, քան PAM 1 միկրոբիոմայով մկները, չնայած երկու խմբերն էլ ենթարկված են եղել միևնույն հակաբիոտիկների ազդեցությանը»,- ասվում է տեքստում:
Պատճառն այն է, որ PAM 2 միկրոբիոմայով մկները ավելի մեծ տարիքում ցուցաբերել են ինսուլինի դիմադրություն, ինչը վկայում է նյութափոխանակության դիսֆունկցիայի մասին: Բացի դրանից, նրանք ավելի շատ բորբոքումներ են ունեցել տարբեր հյուսվածքներում, ներառյալ ուղեղը և լյարդը: