ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում։ Մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է Covid-անվտանգության կանոնների պահպանումը։
ԱԱՏՄ տեսուչները վերահսկողական աշխատանքներ են կատարել ոչ պարենային ապրանքների առևտրի կենտրոններում, դեղատներում, բուժհաստատություններում, իսկ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների և ոստիկանության ծառայողների հետ համատեղ՝ նաև հանրային տրանսպորտում։
Տնտեսավարողներին տրվել են խախտումներն արագ շտկելու հանձնարարականներ։
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի N 17-Ն հրամանով սահմանված են կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները՝ փակ տարածքներում քաղաքացիները պետք է կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն, արտաքին մակերեսներն անհրաժեշտ է ախտահանել 70-90 տոկոսանոց սպիրտային հիմքով ախտահանիչներով։