Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է նոր կորոնավիրուսային սահմանափակումներ մտցնելու մասին՝ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին: Այս մասին նա հայտնել է լրագրողներին այսօր՝ օգոստոսի 8 -ին, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո:
Վարչապետի խոսքով, հարցը կքննարկվի օգոստոսի 9-ին՝ COVID-19-ի դեմ պայքարի հարցով միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում: Նա միաժամանակ ընդգծել է, որ տոտալ արգելափակման ու միջոցառումների մասին, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա, խոսք լինել չի կարող: Կխոսվի այնպիսի կանոնների ներդրման նպատակահարմարության մասին, ինչպիսիք են բաց տարածքում դիմակների կրումը, զանգվածային հավաքների սահմանափակումը և մի շարք դեպքերում ՊՇՌ թեստի պարտադիր անցկացումը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն: