ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների միջև կայուն և փոխշահավետ հարաբերությունները:
«ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի և ՀՀ-ում սահմանապահ գործունեություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների գործունեությանը ցուցաբերվող իրավական սպասարկման առումով ՌԴ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների տեղում իրականացվող աշխատանքը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազին՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: