Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար սահմանել պատժաչափեր:
«Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա և մնալու է պատժելի: Այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն այդ հարցում թողնելու է մենա՞կ, թե՞ այդ վարքագիծն ու դրա արգելքը սահմանելու է օրենքով: Խնդիրը շատ ավելի պրոբլեմատիկ է դարձել՝ հաշվի առնելով հեռավար եղանակով հայհոյանք պատճառելու հնարավորությունները», - նախագիծը ներկայացնելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել հոդվածով, որը բաղկացած է 3 մասից: Պատգամավորը պարզաբանեց՝ միայն երրորդ մասով՝ այսինքն որակյալ հանցակազմի առկայության պայմաններում նախատեսվում է որպես ծայրահեղ պատասխանատվության միջոց կալանքը, մնացած բոլոր պարագաներում խոսքը վերաբերում է բացառապես տուգանքի միջոցով անձանց պատասխանատվության կանչելուն:
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը նպատակ է հետապնդում ոչ այնքան պատասխանատվության կանչելու այն անձանց, որ հայհոյանքի միջոցով օգտագործել են վիրավորանք, այլ կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, և հասարակությունից հայհոյանքը, որպես արժանապատվությանը առավել ծանր հասցնող երևույթ, պետք է վերացվի:
Նախագծով Քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 75 կողմ ձայներով: