Մենք պատրաստ ենք տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատել մեր ժողովրդի կողմից ստացած մանդատների միջոցով: Այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի այն հայտարարությունները, որ մենք դեմ ենք սահմանազատման աշխատանքներ իրականացնելուն, չեն համապատասխանում իրականությանը: Մենք մնում ենք այն տեսակետին, որ պետք է հայելանման կարգով զորքերը հեռանան Սոթք-Խոզնավար հատվածից, ամբողջ սահմանով պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ զորքեր, որպեսզի սահմանազատման աշխատանքների ընթացքում բացառվի ռազմական ցանկացած բախում»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուս գործընկերների հետ:
Մինչ կառավարություն նիստի օրակարգին անդրադառնալը՝ Փաշինյանը գործընկերներին հիշեցրեց նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ուժի մեջ է թողել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ընտրություններն ընթացել են ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան և արտահայտում է ժողովրդի կամքը: