Զախարովան ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը
copy image url

Զախարովան ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը

Արտաքին 3 տարի առաջ - 20:35 28-07-2021

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն ու Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավանդական ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ նշել է, որ Ռուսաստանն ունի սերտ կապեր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

«Ռուսաստանը շարունակում է զգալի ներդրում ունենալ կայունության պահպանման, խաղաղ կյանքի հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման` ներառյալ ռազմագերիների, փախստականների վերադարձը և զոհերի մարմինների փոխանակումը: Մենք աջակցում ենք Բաքվի և Երևանի միջև վստահության կառուցմանը, շարունակում ենք աշխատել տարածաշրջան ՀԱՊԿ առաքելության, ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքն ապահովելու ուղղությամբ»,- ասել է նա, ընգծելով, որ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգությամբ է ընդունում սահմանի առանձին հատվածներում սրման կամ լարվածության ցանկացած դրսևորում, ինչը ծայրահեղ բացասական է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա, և չի նպատստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կայացմանը՝ հանգեցնելով երկու կողմից բնակչության շրջանում չարդարացված կորուստների։

Զախարովան շեշտել է սահմանային միջադեպերը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համակարգային քրտնաջան աշխատանք, որպեսզի հնարավոր լինի փոխզիջումներ գտնել։

Զախարովան նկատել է, որ կայուն դե-էսկալացիան կարող է ապահովվել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման անհապաղ մեկնարկով և դրան հաջորդող սահմանազատմամբ: Նա ասել է, որ Մոսկվան պատրաստ է այդ ուղղությամբ ջանքերն ամրապնդել իր մոտ եղած քարտեզային տեղեկություններով:

«Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են երկխոսությունը կառուցողական հուն տեղափոխել»։ Այժմ, ըստ Զախարովայի, այս թեմայով շփումները շարունակվում են պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների հետ։