Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը
copy image url

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի 7-րդ նիստը

Ներքին 3 տարի առաջ - 20:27 29-06-2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Հետընդունման համատեղ կոմիտեի հերթական՝ 7-րդ նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը։

Նիստը համանախագահում էին ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները, ԱԳՆ, ԱԱԾ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները, իսկ ԵՄ կողմից՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Նիդեռլանդների և Շվեդիայի համապատասխան կառույցների աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության և Ֆրոնտեքսի ներկայացուցիչները։

Եվրոպական կողմն իր գոհունակությունն է հայտնել հայկական կողմի գերազանց համագործակցության և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի ու առաջընթացի համար։ Ռ. Թոդերը նշել է, որ Հայաստանը կարող է լավագույն օրինակ ծառայել վերադարձի և վերաինտեգրման ոլորտում իրականացվող հսկայական աշխատանքի շնորհիվ։

Իր հերթին Ա. Ղազարյանը ներկայացրել է ոլորտում ընթացիկ զարգացումները՝ նշելով, որ ներկայումս միգրացիոն ոլորտում տեղի են ունենում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, իսկ միգրացիոն հարցերը կարգավորող հայեցակարգը վերջերս է հաստատվել կառավարության կողմից, որի հիմքում ընկած են 3 կարևոր սկզբունքներ՝ համակառավարումը, համագործակցությունը և փաստահենությունը։

Նա անդրադարձել է նաև ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, Հայաստանից կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին։

Կողմերը քննարկել են ռեադմիսիոն վիճակագրությունը, երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ռեադմիսիոն հարցերով աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակականության հարցը և համաձայնագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։

Ամենից շատ դիտված