Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան YouTube-ի «Соловьев Live» ալիքի եթերում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ուկրաինայում:
Նա նշել է, որ զորավարժությունը երկու գլոբալ նպատակ ունի: Ինչպես բացատրել է դիվանագետը, դրանցից մեկը Ռուսաստանի սահմանների «անվերջ ապակայունացումն» է։
«Սա սադրանք է` պատասխան գործողության հրահրելու, և այդ պատասխանը պետք է լինի, քանի որ սա ինքնիշխան պետություն է, ինքնիշխան սահման: Պատասխանը հետևյալն է․ սա ագրեսիվ, սադրիչ գործողություն է», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրը զենք և սարքավորումներ Ուկրաինա տեղափոխելն է:
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ այս տարի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները յոթ վարժանք են անցկացնում այս երկրում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ հրթիռային կործանիչ USS Ross-ը մտել է Սև ծով՝ Ուկրաինայի ու նրա դաշնակիցների հետ զորավարժություններ անցկացնելու համար:
ԱՄՆ ռազմածովային ուժերը պաշտոնապես հայտարարել են Ուկրաինայի հետ համատեղ ամենամյա Sea Breeze-2021 զորավարժություններին մասնակցելու մասին, որոնցում ներգրավված կլինի 5 հազար զորք և 32 նավ 32 երկրներից: Զորավարժությունները տեղի կունենան հունիսի 28-ից հուլիսի 10-ը Սև ծովում: