Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է Շաքիի ջրվեժից սև ջուր հոսում: Տեսանյութը, որի հեղինակը հայտնում է, որ այն նկարահանել է այսօր՝ հունիսի 25-ին, արդեն մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել օգտատերերի շրջանում:
Դրա հետ կապված շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:
«Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ։
Շաքիի ջրվեժը, որի բարձրությունը 15-17 մ է, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Որոտանի կիրճում, Շաքի գետի վրա։ Չնայած այն հանգամանքին, որ գետի վրա կառուցված է Շաքիի հէկը, որի աշխատանքի հետևանքով ջրվեժից հոսքը ժամանակ առ ժամանակ գրեթե դադարեցում է, Շաքիի ջրվեժը 2008-ից ներառված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։