Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերով դիմելիությունը կտրուկ աճել է
copy image url

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերով դիմելիությունը կտրուկ աճել է

Ներքին 3 տարի առաջ - 14:48 07-06-2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանն ասել է, որ նախարարության կողմից իրականացվող երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին դիմելիությունը 2021 թվականին կտրուկ աճել է:

«2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ աջակցություն ստացել էր 414 շահառու, իսկ 2021 թվականի հունիսի 7-ի դրությամբ աջակցություն ստացել է 1043 շահառու: Նրանցից շուրջ 197-ը միանվագ աջակցության ծրագրով՝ շուրջ 155 մլն դրամ, 184-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով՝ շուրջ 12 մլն դրամ և 662 շահառու երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ շուրջ 595 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, վճարվել է շուրջ 762 մլն դրամ, որից շուրջ 424 մլն դրամը՝ 2021 թվականին»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը:

Նա նշեց, որ ծրագրի ընթացքում շահառուների թվի ավելացմանը զուգահեռ պետությունն ավելացնում է նաև ֆինանսավորումը: Արդեն երկու անգամ այդպիսի որոշում կառավարությունն ընդունել է: 2021 թվականի պետական բյուջեով հաստատվել էր 526 մլն դրամ, որը դիմելիության տեմպերով պայմանավորված՝ չի բավականացնի: Առաջին եռամսյակի ժամանակ ծրագրի բյուջեն համալրվեց 70 մլն դրամով, երկրորդ եռամսյակի համար ևս 100 մլն դրամով բյուջեն ավելացվել է: Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ հաջորդ եռամսյակներին ևս նախատեսվում է ծրագրի բյուջեի համալրում․ «Չի եղել դեպք, որ նախարարությունը դիմի այս ծրագրի բյուջեի ֆինանսավորումն ավելացնելու համար և մերժվի: Կառավարությունը պատրաստակամ է այնպես անել, որ ծրագրի շահառուների թիվն ավելանա»։

Ծրագրին դիմելիության առումով ակտիվ է Երևանը, որին հաջորդում են Կոտայքը, Լոռին, Արարատը, Սյունիքը:

Գայանե Ղարագյոզյանն ասաց, որ դիմել կարող են ոչ միայն բազմազավակ ընտանիքները․ «Երեխաների կարգաթիվը միայն ազդում է աջակցության չափի վրա: Միանվագ դրամական աջակցության ծրագրի շրջանակում կարևոր է, որ ընտանիքը ունենա երկու անչփահաս երեխա: Երկու երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է անշարժ գույքի ձեռբերման արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամ: Եթե այս դեպքում շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, ապա աջակցությունն ավելացվում է ևս 30 տոկոսով: Երրորդ և հաջորդ երեխաների դեպքում աջակցությունն ավելացվում է ևս 5 տոկոսով, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամով»:

Ապահովագրության կանխավճարի դեպքում երեխաների կարգաթիվը դեր չի խաղում: Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի դեպքում առաջին և երկրորդ երեխայի աջակցության պարագայում աջակցության առավելագույն շեմը կազմում է 500 հազար դրամ, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում առավելագույն շեմը կազմում է 2 մլն դրամ: Գայանե Ղարագյուզյանը տեղեկացրեց, որ միևնույն շահառուն կարող է երեք ծրագրերից էլ օգտվել, սակայն որոշակի ժամանակ անց: Միանվագ դրամական աջակցության և կանխվաճարի ապահովագրության ծրագրերի շրջանակում շահառուն, միաժամանակ օգտվելով երկու ծրագրից էլ, մեկ տարի անց ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում արդեն կարող է օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից:

«Ասեմ, որ դիմողների տարիքային շեմ սահմանված չէ, և այս ծրագրերի դեպքում արդիական չէ ընտանիքի երիտասարդ հանգամանքը: Մեր ծրագրերի համար անչափահաս երխաների առկայությունն է կարևոր՝ անկախ շահառուի տարիքից»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված