Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթի ստորագրման արարողությունը
copy image url

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթի ստորագրման արարողությունը

Ներքին 3 տարի առաջ - 21:40 01-06-2021

ՀՀ կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը:

Մինչ այդ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ փաստաթղթում նշված բոլոր ոլորտներն ու ուղղությունները Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունեն: «Այսօր ստորագրվող փաստաթղթի շնորհիվ, կարծում եմ, մենք առավել կկենտրոնացնենք մեր համատեղ ջանքերը ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգը կենսագործելու ուղղությամբ»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի կողմից ստորագրված Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի ռազմավարական կարևորագույն փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքը առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Զարգացման ազգային առաջնահերթությունների հիման վրա մշակված համաձայնագիրը ամփոփում է ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող և ոչ ռեզիդենտ 20 կառույցների հավաքական առաջարկը երկրին, որով, ի շահ հայ ժողովրդի, ՄԱԿ-ը 230 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է հայտնում:

«Գործընկերության շրջանակը նոր կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության միջև արդեն իսկ խոր համագործակցության ուղղությամբ։ Մենք համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով կարևոր ներդրում կունենանք համավարակի և հակամարտության կրկնակի ճգնաժամի ժամանակահատվածում՝ օգնելով երկրին առաջ շարժվել դեպի ավելի լուսավոր, խաղաղ և բարեկեցիկ Հայաստան: Այս համաձայնագիրը սահմանում է Հայաստանում ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների հավակնոտ և հավաքական տեսլականը, որի նպատակն է բարելավել մարդկանց բարեկեցությունն ու հնարավորությունները, նպաստել տնտեսական «կանաչ» բարեփոխումներին, ամրապնդել արդյունավետ կառավարման համակարգը և խթանել գենդերային հավասարությունը՝ չանտեսելով ոչ մեկին»,- ընդգծեց պարոն Շարփը ստորագրման արարողության ժամանակ։

Գործընկերության շրջանակն արտացոլում է նաև Covid-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքների հաղթահարմանն ուղղված արձագանքման միջոցառումները։

Գործընկերության շրջանակը հիմնված է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև 2016-2020 թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) շրջանակում արդյունավետ համագործակցության վրա, որի արդյունքում ընդլայնվել են կայուն տնտեսական հնարավորությունները, կատարելագործվել են ժողովրդավարական կառավարման համակարգերը, առաջընթաց է գրանցվել գենդերային անհավասարության նվազեցման հարցում, ամրապնդվել են միգրացիայի, սահմանների և ապաստարանների կառավարման համակարգերը, բարելավվել է հիմնական կրթության և սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիությունը, ավելի մատչելի են դարձել որակյալ բժշկական ծառայությունները, և բարելավվել է էկոլոգիական միջավայրը։

Ամենից շատ դիտված