Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շնորհավորել է Սիրիայի վերընտրված նախագահ Բաշար ալ-Ասադին և խոստացել տնտեսական աջակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում ավերված երկրին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Չինաստանը վճռականորեն աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, հնարավոր օգնությունը կտրամադրի COVID 19-ի դեմ պայքարում, երկրի տնտեսության վերականգնման և հասարակության կյանքի բարելավման համար, նպաստելու է, որ չին-սիրիական համագործակցությունը նոր մակարդակի բարձրանա»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սի Ցզինպինն իր շնորհավորական հեռագրում շեշտել է Չինաստանի և Սիրիայի միջև ավանդաբար լավ հարաբերությունները:
«Ես մեծ կարևորություն եմ տալիս չին-սիրիական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ նախագահ Ասադի հետ միասին խթանել դրանք՝ էլ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»,- ասել է նա: