Հայաստանի ազգային հավաքականի՝ Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցել է 22 ֆուտբոլիստ: Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն իր թիմի՝ Աստանայի կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո:
Հաշվի առնելով հավաքական ժամանած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակը՝ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ է տվել մի շարք խաղացողների: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվել են ավելի թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվել են սովորական ռեժիմով:
Այսօր թիմը կանցկացնի նախախաղային մարզում Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում: