Վերջին տասնամյակի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ստեղծել է «գաղտնի բանակ», որը բաղկացած է մոտավորապես 60,000 մարդուց։ Երկամյա հետաքննությունից հետո այս մասին հաղորդում է Newsweek-ը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «գաղտնի բանակը» առաքելությունների է ուղարկվում երկրի ներսում և արտերկրում, նրա մարտիկներն աշխատում են ռազմական համազգեստով կամ քաղաքացիական անձանց քողի տակ: Ծրագրին մասնակցում են շուրջ 130 մասնավոր ընկերություններ և տասնյակ պետական կազմակերպություններ, որոնք տարեկան ավելի քան 900 միլիոն դոլար են ծախսում գաղտնի ուժերի սպասարկման վրա:
Newsweek-ը գրում է, որ գաղտնի ուժերի կեսից ավելին ծառայում են «հատուկ գործողությունների ուժերում»: Այս ստորաբաժանումների մարտիկները «հետապնդում են ահաբեկիչներին Պակիստանից մինչև Արևմտյան Աֆրիկա ձգվող պատերազմական գոտիներում, բայց նաև ավելի շատ աշխատում են չճանաչված թեժ կետերում՝ ներառյալ թշնամու թիկունքում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան և Իրանը»:
Բացի այդ՝ «գաղտնի բանակի» ամենաթարմ ու արագ աճող խումբը կիբեր մասնագետներն են, որոնք տեղեկատվություն են հավաքում համացանցում: Գաղտնի ուժերի հարյուրավոր անձնակազմեր աշխատում են նաև ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) համար։