Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով հարցին՝ ո՞րն է եղել Սիսիանում տեղի ունեցած ջրի թունավորման պատճառը և արդյոք թունավորվածների թվում կան զինծառայողներ, նշեց. «Թունավորման հաղորդագրությունը ստանալուց հետո արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ և ջրի բոլոր կետերից վերցրել նմուշներ: Այս պահին իրականացվում է փորձաքննություն, որի արդյունքների մասին կներկայացնենք տեղեկատվություն»:
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է ջրի թունավորումը կապված լինի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի հետ, որն այս օրերին անցել է ադրբեջանցիների տիրապետության տակ, Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ այս պահին որևէ բան դրա մասին իրենց չի հուշում. «Մեր հաղորդագրության մեջ էլ նշել ենք, որ դա անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է և մոտակա ժամերին կլինի պատասխանը»:
Անահիտ Ավանեսյանն հավելեց նաև, որ անձամբ մասնակցել է կառավարության նիստից հետո տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չմանրամասնեց, թե ինչ են քննարկել և ինչու է որպես առողջապահության նախարար մասնակցել ԱԽ նիստին: