Իսրայելցի մարտիկների հարձակման արդյունքում ոչնչացվել են պաղեստինյան «Համաս» արմատական շարժման հետախուզության համակարգի առանցքային դեմքերը, Twitter-ի իր էջում հայտարարել է Իսրայելի բանակը:
«Իսրայելի բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել են «Համասի» ռազմական հետախուզության համակարգի առանցքային դեմքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելական բանակը պարզաբանել է, որ խոսքն արմատական շարժման ռազմական հետախուզության վարչության պետ Հասան Քաոջիի և նրա տեղակալի՝ հակահետախուզության վարչության պետ Վալի Իսայի մասին է:
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան՝ մայիսի 10-ին, Գազայի հատվածի սահմաններին սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Հաջորդ առավոտյան Պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:
Ի պատասխան՝ իսրայելական զինուժը խոցել է պաղեստինյան 130 ռազմական թիրախ՝ վերացնելով Գազան վերահսկող «Համաս» խմբավորման, ինչպես նաև Ռուսաստանում արգելված «Իսլամական ջիհադ» կազմակերպության մարտական ստորաբաժանումների մոտ 15 անդամների:
Իսրայելական բանակի 5000 պահեստազոր ուժեղացրել է տարբեր ստորաբաժանումներ՝ պաղեստինյան իսլամիստների դեմ «Պատի պահակախմբի» գործողության ընթացքում: