Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանը ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց:
«Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն», - նշել է Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը և միջազգային գործընկերների արձագանքներին, ինչպես նաև հարցադրմանը, թե որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ, կա՞ն արդյոք Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ կամ այլ ձերբակալվածներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին` արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ, ապա Աննա Նաղդալյանն ասել է. «Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար:
Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ»: