Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում հաստատվեց Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:
Նախագծի մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է fինանսական պայմանագիր։ Նշված ֆինանսական պայմանագիրը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու կողմից 2017թ. դեկտեմբերի 26-ին:
Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքվել է 5 մլն եվրո գումարի դրամաշնորհային համաձայնագիր: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո:
Քաղաքապետի տեղակալը Հրաչյա Սարգսյանը նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում և սեյսմիկ անվտանգության միջոցառումների իրականացում:
Նրա խոսքով` դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է Երևանի ավագանու հավանությունը:
«Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 12 և կառուցել 3 նոր մանկապարտեզ: 2020-ին 11 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում ենք իրականացրել համայնքային միջոցների հաշվին: Դրանցից 9-ը շահագործման է հանձնված, մյուս երկուսը շահագործման կհանձնվեն մոտակա օրերին »,- եզրափակել է Հ․ Սարգսյանը: