ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՄԵՂՐԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՋՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ․ ՄԻՊ
copy image url

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՄԵՂՐԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՋՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ․ ՄԻՊ

Ներքին 4 տարի առաջ - 11:09 04-02-2021

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչների ջրի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը շարունակաբար լրջորեն խախտվում է ադրբեջանական ԶՈւ դիտավորյալ արարքներով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ը Մեղրիի բնակիչներից ստացել է ահազանգեր, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական ԶՈւ ծառայողները փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Արդյունքում, ստացվել է այնպես, որ Մեղրի և Ագարակ քաղաքներում, ինչպես նաև Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում լուրջ խնդիրներ են առաջանում՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ: Այս բնակավայրերում Մեղրի համայնքի բնակչության մեծամասնությունն է։

Բնակիչները և Մեղրի համայնքի ղեկավարը ՄԻՊ-ին տեղեկացրել են, որ ադրբեջանցի զինվորականները ամեն ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով փոխում են վտակի հունը դեպի Նախիջևան:

Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի այս դիտավորյալ գործողությունների արդյունքում լուրջ խնդիրներ են առաջ գալիս ամեն տարի օգոստոս ամսից սկսած Մեղրի և Ագարակ քաղաքների, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերի բնակիչների համար՝ կապված խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ:

Ընդ որում, այս ամենն արվում է մարդկանց կյանքի համար իրական վտանգավոր ուժի սպառնալիքով, քանի որ Մեղրի գետի Զվարագետ վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ ու հսկվում է նրանց կողմից:

Ադրբեջանական ԶՈւ ու, որ նույնն է՝ իշխանության մարմինների այս արարքներով կոպտորեն խախտվում է միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված Հայաստանի Մեղրի համայնքի բնակիչների համար կենսական կարևորություն ունեցող, այն է՝ ջրի իրավունքը:

Ջրի իրավունքը երաշխավորված է միջազգայնորեն: Այս իրավունքը ներառում է մարդու իրավունքն ունենալու բավարար և շարունակական ջուր թե՛ խմելու, թե՛ կենցաղային նպատակների (ոռոգման, հիգիենայի և այլն) համար: Ընդ որում, պետք է լինի ջրից օգտվելու անվտանգ հնարավորություն ու լիարժեք հասանելիություն: Այս իրավունքն ունի բացառիկ արժեք ու ընկած է մարդու կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության ու մասնավոր կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների հիմքում:

ՄԻՊ-ն իր վերլուծություններն ու գնահատականները կուղարկի միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին:

Ամենից շատ դիտված